ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սերգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ  Սերժ Սերգսյանին
17.03.2015 | 00:27

Ձեզ է դիմում արդեն ութ տարի ազատազրկված Մանուկ Մանուկյանի կինը` Անուշ Թովմասյանը, երեք անչափահաս երեխաների մայր և պարզապես հայ մարդ, որը Ձեր օգնության կարիքն ունի: Արդարության ու գթասրտության փնտրտուքով դիմել եմ իրավապահ համակարգի գրեթե բոլոր օղակներին (ՄԻՊ, արդարադատության նախարարություն, գլխավոր դատախազություն), սակայն ոչ մի դրական պատասխանի չեմ արժանացել: Միակ և վերջին հույսս Դուք եք և Ձեր մեծահոգությունը: Հավատում եմ, որ Դուք կօգնեք մի հայ ընտանիքի` վերագտնելու իր նախկին անդորրը: Ձեր հանդեպ ունեմ այն հավատը, որը նախագահական ընտրությունների ժամանակ ինձ իրավունք տվեց Ձեր ընտրվելու համար ակտիվ պայքարել:
Խնդրանքս ներկայացնելուց առաջ նշեմ, որ բոլոր մարդիկ էլ սխալական են ու եթե կյանքի ինչ-որ փուլում սայթաքել են, չի նշանակում, թե ողջ կյանքում պետք է հիշեցնել անցյալի գործած հանցանքը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8 տարի դատավճիռը կրելով, Մանուկը երբեք ոչ մի վատ արարք, խախտում չի արել: Արդեն երկու տարի է` ոչ մի տույժ չունի: Առանց որևէ պատճառաբանության սույն թվականի փետրվարի 27-ին նրան տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ: Նախկին կալանավայրում նա ուներ հոգեբույժ, կանոնավոր մետադոնային բուժում էր ստանում: Հարկ եմ համարում նշել նաև, որ ամուսինս ինքնավնասման հակում ունի: Մինչ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելը արդեն ուներ վնասվածք: Սակայն տասը վիրակարերից միայն հինգն էին քանդել: Այդ վիճակով իրավունք չունեին ընդունելու նոր կալանավայր, որտեղ բուժօգնություն ցուցաբերող համապատասխան մասնագետ չկա: «Արմավիր» ՔԿՀ-ում Մանուկն ինքն է քանդել վիրակարերը, ինչի պատճառով ցայսօր վերքը թարախակալած է ու արնահոսում է: Երբ բժիշկ է կանչել, կալանավայրերի վարչության աշխատակիցը քամահրանքով նետել է. «Որ մեռնես, սևով սպիտակի վրա գրելու ենք` հացադուլից է մահացել»:
Չնայած առողջության ծայրահեղ ծանր վիճակին, տեղափոխման հենց առաջին օրից Մանուկը բերանը կապել է և հացադուլ է հայտարարել: Այժմ նրա կյանքը րոպե առ րոպե մարում է: ՈՒնի յոթ հիվանդություն (հեպատիտ C, ողնաշարի ձախակողմյան գրիժա, երիկամային անբավարարություն և այլն): Հացադուլ հայտարարելու ընթացքում Մանուկին ոչ մի բժիշկ չի այցելել: Մինչ արդարադատության նախարարը պատեհ-անպատեհ հայտարարում է, թե նոր կալանավայրը եվրոպական չափորոշիչներով է կառուցվել, պարզվում է, «եվրոպականացումը» «սպիտակ պատերից» այն կողմ չի անցնում: Չկան բժիշկներ, սարքավորումներ: Ազատազրկվածներն էլ են մարդ ու գոնե փոքրիշատե ուշադրության կարիք ունեն: Այնպիսի տպավորություն է, որ կալանավորի առողջական վիճակը ոչ մեկին չի հուզում, բոլորն ի սկզբանե դատապարտված են դանդաղ մահվան:
«Արմավիր» ՔԿՀ-ից վերստին «Նուբարաշեն» տեղափոխելու համար ևս մեկ կարևոր հանգամանք կա, որը Ձեզ լիովին պատկերացում կտա, թե խնդրանքս որքան արդարացի է: Մանուկն ունի անձնական լուրջ խնդիր, որի մասին հրապարակային չեմ նշում, բայց Ձեզ ուղարկված նամակում ներկայացրել եմ: Այլ խոսքով, նրա կյանքին վտանգ է սպառնում:
Տեղեկացնեմ նաև, որ որդու առողջական ծանր վիճակից ելնելով, Մանուկի մայրը պատրաստվում է դիմելու ծայրահեղ քայլի` ինքնահրկիզման:
Պարոն նախագահ, խնդրանքս, թերևս, այնքան էլ մեծ չէ, Ձեր միջնորդությունն եմ ակնկալում, որպեսզի Մանուկ Մանուկյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ` ելնելով նրա կյանքի անվտանգությունից: Խնդրում եմ, փրկեք երեք երեխաների հոր կյանքը:


Անուշ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ք. Էջմիածին,
Մաշտոցի 10, բն. 37

Դիտվել է՝ 1487

Մեկնաբանություններ